ԵԽԽՎ-ն հատուկ գիծ է բռնել, որտեղ փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում նաև ԵԱՀԿ սկզբունքները: Այս մասին Գերմանիայի՝ ԵԱՀԿ 2016-ի նախագահության ստանձնման կապակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը՝ մեկնաբանելով հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձևը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին ընդունել է հակահայկական «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի բանաձևը: Դեմ է քվեարկել 71 պատգամավոր, կողմ` 98:
Միաժամանակ, ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը:
«Այո, երեկ դիտարկվում էին երկու շատ տհաճ, կոշտ բանաձևեր, որոնք երկուսն էլ հակահայկական էին, հաջողվեց մեկը օրակարգից հանել, սա արդեն իսկ կարելի է համարել հաղթանակ։ Դժբախտաբար, գիտեք ԵԱՀԿ-ում դիրքորոշումը այս հարցում, և կոնկրետ Սարսանգի դեպքում չհաջողվեց հանել օրակարգից, բայց ամեն դեպքում համարում եմ արդեն իսկ մեծ հաջողություն, որ առաջնային բանաձևը հանվեց օրակարգից», - ասել է Սորոկինը, գրում է Tert.am-ը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն հայտարարել է, թե իր խնդիրն է՝ լուծել հակամարտությունը եղած ձևաչափով, ուստի ԵԱՀԿ-ն ակտիվ մասնակցություն է բերելու ԼՂ հարցի կարգավորման խնդրին:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը խուսափել է մեկնաբանել քվեարկությունը:
«Դա խորհրդարանականների խնդիրն է, իսկ գործադիրի ներկայացուցիչներն այլ մոտեցում ունեն, մեզ համար Մինսկի խումբը երեք համանախագահով մնում է միակ ձևաչափը, որտեղ կարող ենք քննարկել հարցը: Այս հարցով որևէ շարժում ու ֆորումներ անընդունելի են», - ասել է նա:
Հարցին, թե նման շարունակության դեպքում «ադրբեջանական նավթն ու խավիարը հնարավո՞ր է հաղթեն եվրոպական արժեքներին» հարցին Գերմանիայի դեսպանը պատասխանել է. «Ես Հայաստանում եմ՝ մեկնաբանել հայկական քաղաքականությունը , պատրաստ չեմ մեկնաբանել Բաքվի քայլերը, հատկապես որ ԵԱՀԿ համանախագահություն ենք ստանձնել»:
Կարդացեք նաև՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակություն. Հումանիտար-տեխնիկական զեկույցին քաղաքական բովանդակություն է տրվել
Ուոլթերի հակահայկական բանաձևը ԵԽԽՎ-ում տապալվել է, Մարկովիչի բանաձևն`ընդունվել