27 հունվարի 2016 - 16:46 AMT
Թուրքական ընդդիմադիր թերթի խմբագրի ու թղթակցի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել

Թուրքական դատախազությունը հրապարակել է 2015-ի նոյեմբերին ձերբակալված ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի գործով մեղադրական եզրակացությունը:

Ըստ թուրքական Vatan թերթի կայքի` դատախազը Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության` Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների նկարները հրապարակելու համար ձերբակալված լրագրողների համար ցմահ ազատազրկում է պահանջել, գրում է Ermenihaber.am-ը:

Լրագրողներին առաջադրվել են հետևյալ մեղադրանքները` քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով պետության գաղտնի փաստաթղթերի տրամադրում, պետության անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի հրապարակում լրտեսության նպատակով, հաշվարկների և ուժի կիրառման միջոցով կառավարության գործառույթների մասամբ կամ ամբողջական խոչընդոտում, չլինելով ահաբեկչական խմբավորման անդամ` գիտակցաբար դրա օգտին քարոզչություն անելը:

Նշյալ մեղադրանքներով Դյունդարի և Էրդեմի համար առանձին-առանձին պահանջվել են հետևյալ պատիժները` հատուկ ռեժիմով ցմահ ազատազրկում, ցմահ ազատազրկում և 30 տարվա ազատազրկում:

Ըննդիմադիր լրագրողներին ձերբակալել էին այն բանից հետո, երբ վերոնշյալ թերթում հրապարակվեց թուրքական ազգային հետախուզության ծառայությանը պատկանող բեռնատարների լուսանկարները: Բեռնատարներում գտնված զենքերը մատակարարվում էին Սիրիայում կռվող ահաբեկիչական խմբավորումներին: