29 հունվարի 2016 - 15:54 AMT
Դիզվառելանյութ, պարարտանյութեր մատչելի գներով ՝ հողօգտագործողներին

ՀՀ Կառավարությունը հունվարի 29-ի նիստում հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016-ի գուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելանյութի նկատմամբ 2016-ի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 6 մլն լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով:

Գործադիրը հաստատել է նաև հողօգտագործողներին 2016-ի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594.3 տոննա ազոտական, 1.079 տոննա ֆոսֆորական և 1574.55 տոննա կալիումական պարարտանյութեր:

Կառավարությունը նաև ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որը պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Որոշմամբ կբավարարվի հանրապետության 6 մարզի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների պահանջարկը գյուղատնտեսական տեխնիկայի համար, կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը: