Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Քոլեջի ուսանողները նշում են, որ հունվարի 18-ին դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրանք-պահանջով, որպեսզի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լևոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում:
Նախարարություն ներկայացրած դիմումի (այն ստորագրել է քոլեջի ուսանողության գերակշիռ մասը) պատասխանը դեռևս չեն ստացել և որոշել են դիմել դասադուլի փետրվարի 1-ից՝ ինչպես նշել են նախարարին հղված դիմումում, որում և հիմնավորել են, թե ինչով է պայմանավորված այս ցանկությունը, և թե ինչու է այն բխում միմիայն և բացառապես քոլեջի ուսանողության, այսինքն` իրենց իսկ շահերից:
Դիմումը ներկայացնում ենք ստորև: Հասկանալի պատճառներով չենք հրապարակում ստորագրությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք դրանք ներկայացնել: Դիմումը ներկայացրել են ստորև.
«Մենք` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, ցնցված ենք այն փաստից,որ աշխատանքից ազատվել է մեր քոլեջի տնօրեն Լևոն Սահակյանը և մտահոգված ենք քոլեջի հետագա ճակատագրով: Լևոն Սահակյանը իր տնօրինության ընթացքում միշտ եղել է ուսանողի կողքին, ամեն ինչ արել է, որպեսզի մենք մեզ լավ զգանք մեր սուղ շենքային պայմանների մեջ, ամեն կերպ աջակցել է պարապմունքների հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը, միշտ ընդառաջել է մեզ` թե որպես տնօրեն, թե որպես դասախոս: Լևոն Սահակյանը ավելին է եղել, քան սոսկ տնօրենը: Նրա և մեր միջև միշտ եղել են բարեկամական, ընկերական հարաբերություններ:
Պարոն Սահակյանը սրտացավ, ուսանողի խնդիրները ըմբռնող տնօրեն է, նա ջանացել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծագել են ուսումնական պրոցեսի ընթացքում, որի շնորհիվ տնօրեն-ուսանող պաշտոնական հարաբերությունները վերածվել էին փոխադարձ հարգանքի և սիրո վրա հիմնված շփումների:
Հարգելի պարոն Աշոտյան, ակնկալում ենք Ձեր աջակցությունը` Լևոն Սահակյանին վերականգնելու իր պաշտոնում: Մեր պահանջը հիմնավորում ենք ակնհայտ փաստով, որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը երկար տարիներ եղել է բարձիթողի վիճակում և միայն Լևոն Սահակյանի աշխատանքի շնորհիվ է քոլեջը սկսել վերականգնել իր երբեմնի հեղինակությունը: Մենք սիրում ենք մեր տնօրենին,գնահատում նրա ջանքերը և ցանկանում ենք նրան կրկին տեսնել մեր կողքին` որպես ընկեր և քոլեջի ղեկավար:
Պարոն Աշոտյան, Դուք հաճախ եք նշում, որ հարգում եք սովորողների իրավունքները: Մենք հավատում ենք Ձեր խոսքին և հույս ենք հայտնում, որ հաշվի կառնեք մեր իրավունքները, ու Լևոն Սահակյանը կշարունակի պաշտոնավարել որպես տնօրեն: Պարոն նախարար, հակառակ պարագայում, եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում մեր տնօրենը չվերականգնվի իր պաշտոնում, մենք պատրաստ ենք դիմելու բողոքի տարբեր միջոցների, ընդհուպ մինչև դասադուլի և դիմելու ՀՀ բարձր ղեկավարությանը»:
Ուսանողները գրել են, որ ակնկալում են նախագահի ու վարչապետի աջակցությունը և միջամտությունը այս խնդրի լուծման հարցում: Նշել են, որ այս պահանջի հարցում իրենց աջակցում են ծնողները, ինչպես նաև դասախոսների զգալի մասը:
ՀՀ ԿԳ նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն այս հարցով տեղեկացրել է, որ վերականգնել Լեւոն Սահակյանին չեն կարող, որովհետեւ նա աշխատանքից ազատվել է ԿԳ նախարարի հրամանով:
«Այստեղ խոսքը չի գնում Լևոն Սահակյան անձի որակների կամ մանկավարժական հմտությունների վերաբերյալ, խոսքը վերաբերում է Լևոն Սահակյանի՝ տնօրենի պարտականությունների չկատարելուն»,- ասել է պաշտոնյան, գրում է Aravot.am-ը:
Նա հավելել է, որ հրամանը վերանայման ենթակա չէ, Սահակյանն ազատվել է պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: