10 հունվարի 2007 - 16:36 AMT
Ադամ Շիֆը մտադիր է առաջիկայում ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը պատրաստվում է շուտով ներկայացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: «Որպես պետություն մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, եւ ես շուտով Ներկայացուցիչների պալատում ներկայացնելու եմ բանաձեւ, որը կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը եւ կարտացոլի Կոնգրեսի դիրքորոշումը: Հուսով եմ, որ Կոնգրեսի նոր ղեկավարության օրոք մեզ վերջապես կհաջողվի ընդունել այն», - հայտարարել է Ա. Շիֆը: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե «թերեւս սա Հայոց ցեղասպանության բանաձեւ ընդունելու մեր լավագույն հնարավորությունն է այս տասնամյակում»:

Ինչպես գրում է Turkish Daily News-ը, ամերիկահայ կազմակերպություններն արդեն իսկ հայտարարել են մինչեւ ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հետամուտ լինելու մտադրության մասին: Թուրքական թերթը նշում է, որ չնայած Ջորջ Բուշի նախագահության անցած վեց տարիներին վարչակազմը մշտապես կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերում, այնուհանդերձ, 2006 թվականի նոյեմբերի 7-ի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը անչափ մեծացնում է Կոնգրեսի կողմից ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: