«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները սպանել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի 300 բնակչի: Այդ մասին հայտնել է ազգային աշխարհազորի ներկայացուցիչ Մահմուդ աս Սուրջին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԻՊ ջոկատները նոր սպանդ են սարքել Մոսուլում` 300 մարդ սպանելով քաղաքի տարածքում»,-հայտնել է Al Arabia հեռուստաալիքը Նայնավա գավառի նահանգապետ, Ասիլ ան Նուջեյֆիի գլխավորած ռազմականացված զորամիավորման ներկայացուցչի վրա հղումով:
Աս Սուրջին նշել է, որ զոհվածների մեծ մասը միլիցիայի նախկին աշխատակիցներ են և զինծառայողներ: Չի նշվում, թե ինչ ժամանակահատվածում են կատարվել այս հանցագործությունները:
Ինչպես հայտնել են Իրաքին աջակցող ՄԱԿ առաքելությունում, չդադարող բռնության զոհերի քանակը հունվարին հասել է գրեթե 850-ի, ևս 1450-ը վիրավորվել է: Նայնավայում նախորդ ամիս զոհվել է 55 իրաքցի:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավելի քան 50 երեխա են առևանգել Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններում և վաճառել Թուրքիա:
Ավելի վաղ հրապարակված ՄԱԿ զեկույցում ասվում էր, որ ԻՊ-ն, հավանաբար, ստրուկի կարգավիճակում է պահում մոտ 3500 մարդու, հիմնականում `կանանց և երեխաների: Նրանք հիմնականում եզդիներ են, կան նաև այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: