«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Երևան Կուրսկից և Վորոնեժից: Այդ մասին ԶԼՄ-ներին է հայտնել ավիաընկերության գլխավոր գործակալ Միխաիլ Զուևը:
Կուրսկ-Երևան առաջին չվերթն ավիաընկերությունը մտադիր է իրականացնել 2016-ի մարտի 18-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ:
Տոմսերի գների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները ևս դեռևս դեպի Երևան թռիչքների մասին չեն հայտարարել, հայտնում է 46tv-ն:
Մարտին Վորոնեժի օդանավակայանից կանոնավոր չվերթ կգործի նաև Վորոնեժ-Երևան երթուղով: Ավիափոխադրողը նույն «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունն է:
Առաջին թռիչքը կկայանա մարտի 17-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, Վորոնեժից` հինգշաբթի օրերը:
Վորոնեժից Երևան թռիչքներ իրականացնելու լիցենզիա «Գրոզնի Ավիան» ստացել է 2014-ին: Վորոնեժից թռիչքները կիրականացվեն Յակ-42 Դ ինքնաթիռով, հայտնում է 36on-ը:
«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը ստեղծվել է ՌԴ Չեչնիայի հանրապետության ղեկավարության կողմից ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի սպասարկման նպատակով: Ավիաընկերությունը կատարում է մի շարք տարածաշրջանային և միջազգային չվերթներ: «Գրոզնի Ավիան» նաև Ղրիմի պաշտոնական ավիափոխադրողն է: