Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե ֆակտո անկախացել է՝ կյանքի կոչելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում:
Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
Հայկական կողմն արձանագրել է, որ վերջին 25 տարում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը փոփոխություններ չի կրել: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների կողմից ճանաչվել է որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը և ամրագրվել ԵԱՀԿ Աթենքի նախարարական հայտարարության մեջ: Կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:
ՀՀ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե ֆակտո անկախացել է՝ կյանքի կոչելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի: ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են: Շեշտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի, տեղաշարժի ազատության և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը՝ հանուն տարածաշրջանի բարեկեցության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի:
Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում համանախագահ երկրների երկար տարիների փորձառությունն ու ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հետևողական հարձակումները ՄԽ համանախագահության վրա ուղղված են հակամարտության կարգավորման դեմ և նպատակ են հետապնդում արդարացնել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկների մերժումը: ՀՀ դեսպանը մտահոգիչ է համարել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մեջ կրոնական գործոնի շահարկումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ինքնությամբ ու կրոնական պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ մոտեցումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները վտանգում են հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստումը:
ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ՄԽ ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են և բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Բարձր գնահատելով համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ համաձայնեցված միջնորդական ջանքերը՝ Արման Կիրակոսյանը նշել է, որ Մինսկի խմբի անդամ Թուրքիան, որպես ՄԽ անդամ, որդեգրել է հակառակ մոտեցում՝ ԼՂ հիմնահարցը շահարկելով հօգուտ իր աշխարհաքաղաքական շահերի:
Հայկական կողմն արձանագրել է, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է՝ ուղղված հակամարտող կողմերի միջև հավասարակշռության խախտմանը, ինչպես նաև Բաքվի՝ տնտեսական ու ռազմական կարողությունների օգտագործման միջոցով իր կամքը Հայաստանին և Արցախին պարտադրելու փորձերը: ՀՀ դեսպանը մտահոգություն է հայտնել ԼՂ և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառման ու դիվերսիոն ներթափանցումների առնչությամբ: Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանը մերժել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները դիպուկահարների դուրսբերման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
ՀՀ դեսպանը վերահաստատել է հայկական կողմի սկզբունքային մոտեցումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը նախադրյալներ կստեղծի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մինչդեռ սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում առկա իրավիճակի պահպանման համար:
Կիրակոսյանը կարևորել է հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտական ներկայության ամրապնդումը: Նա մատնանշել է, որ Ադրբեջանը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից կարևորելով ԵԱՀԿ առավել լայն ներգրավվածությունը կարգավորման գործընթացին, մյուս կողմից՝ հետևողականորեն խաթարելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը:
Հայկական կողմն ապակառուցողական է որակել Ադրբեջանի ջանքերը ԼՂ հիմնահարցի կարգավորումը դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ, ինչը որևէ նպաստ չի բերում բանակցային գործընթացին: Որպես օրինակ նշվել է վերջերս ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ սադրիչ հակահայկական զեկույցի ընդունման ձախողումը:
Կիրակոսյանը վերահաստատել է ՀՀ հաստատակամությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման գործընթացը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական պատվիրակության ղեկավար Դանիել Բայերն իր հերթին ասել է, որ «ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն այդ առնչությամբ և դատապարտում է ականանետերի և այլ ծանր տեխնիկայի կիառում, որի հետևանքով զոհեր են լինում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք սատարում ենք հակամարտության կողմերին ուղղված համանախագահների կոչին բնռության նվազման և մարդկանց պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ստատուս քվոն անթույլատրելի է և անընդունելի: Մենք ևս մեկ անգամ դիմում ենք կողմերին և ասում, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: