Հայաստանի Զինված ուժերն ամեն օր բարձրացնում են իրենց կարողությունները: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում Զինված ուժերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ հայկական բանակը փառապանծ ճանապարհ է անցել՝ կազմավորվելով հայ ժողովրդին պարտադրված պատերազմի ընթացքում, կարողացել է տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, միաժամանակ զբաղվել է զինծառայողների ուսուցմամբ, մեծ աշխատանք է կատարել բանակի վարքի բարձրացման համար: Նախարարն ասաց, որ 2016թ. իր գործունեությունը պետք է ձևավորի անցած տարիների ձեռքբերումների, բանակի դիրքերի ամրապնդման հիմքի վրա:
Նախարարի խոսքով, 2016թ. համար հայտարարել են հրամանատարական կազմի պատրաստության տարի. «Հրամանատարի գիտելիքների, խելացի ղեկավարման, առաջադրանքի հայեցակարգի իրականացման, փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու կարողության, խելացի պաշտպանության իրականացման շնորհիվ մենք կարող ենք առաջատար բանակների շարքերը համալրել: Այսօր մեր զինվորները, ինչպես արցախյան պատերազմի ժամանակ, հերոսություն են կատարում առաջին գծում: Մենք ձգտում ենք տարվա մարդ դարձնել հրամանատարին: Մենք տարին հայտարարել ենք հրամանատարական անձնակազմի պատրաստության տարի՝ «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսի ներքո»:
Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը նշել էր, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն, առաջինը ասել՝ բանակը հասարակության հայելին է, քանի որ կարծում է, որ դրանով, կարծես, արդարացնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում, իսկ երկրորդն արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են:
«Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: