19 հունվարի 2007 - 13:14 AMT
Պաշտոնական Թբիլիսին չի ցանկանում հանդիպել Երեւանում Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ
Վրացական կողմը հրաժարվել է Երեւանում վրաց-օսական հակամարտության կարգավորման հարցով Խառնակազմ վերահսկողական հանձնախմբի նիստ անցկացնելուց: Ինչպես հայտնել է Հարավային Օսիայի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, հարավ-օսական կողմից ԽՎՀ համանախագահ Բորիս Չոչիեւը, «ավելի վաղ ԵԱՀԿ-ից բանավոր հրավեր էր ստացվել հունվարի 24-25-ը Երեւանում ԽՎՀ համանախագհների հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- նշել է նա:

Միեւնույն ժամանակ, Չոչիեւն ընդգծել է, որ ըստ առկա ինֆորմացիայի, ԽՎՀ վրաց համանախագահը` Վրաստանի հակամարտությունների կարգավորման պետական նախարար Մերաբ Անտաձեն, իր անհամաձայնությունն է հայտնել հունվարին հանդիպում անցկացնելու, ինչպես նաեւ դրա անցկացման վայրի հարցով: «Հերթական անգամ առկա է վրացական կողմի ոչ կառուցողական մոտեցումը»,- նշել է Չոչիեւը: «Ես համոզված եմ, որ վրացական կողմը կվերանայի իր դիրքորոշումը, քանի որ ԽՎՀ աշխատանքում մեծ ընդմիջումները բացասաբար են ազդում բանակցային գործընթացի եւ կարգավորման գործընթացի վրա»,- ամփոփել է Բորիս Չոչիեւը, հաղորդում է Regnum-ը: