ՀՀ կառավարությունը փետրվարի 18-ի նիստում հաստատել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը:
ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարվել է ՝ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսել հատուկ կրթության և ներառական կրթության գծով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող միջոցների շրջանակում:
Օգոստոսի 26-ին կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը հայտնել է, որ մինչև 2025-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: «Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանել», - շեշտել է նա:
Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին:
ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005-ին: Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը. 2010-ին ՀՀ-ն վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթուղթ, որով նաևպարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում:
2013-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 107 ներառական դպրոց:
Կարդացեք նաև՝ Աշոտյան. Դեռ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից