Եվրամիությունը և Թուրքիան մարտի սկզբին հատուկ գագաթնաժողով կհրավիրեն` նվիրված փախստականների խնդրին: Այդ մասին փետրվարի 19-ին հայտարարել են կողմերի ներկայացուցիչները:
«Մեր առաջնահերթ խնդիրն է գործողությունների համատեղ պլանի մշակումը»,-ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ԵՄ նիստի ավարտին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրամիությունը 3 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային, որպեսզի նա կասեցնի փախստականների հոսքը դեպի Եվրոպա և կացարանով ապահովի նրանց:
2015-ին ԵՄ է ժամանել ավելի քան 1 մլն փախստական: Սա ամենամեծ միգրացիոն ճգնաժամն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ 2016-ին երկիր կժամանի ևս մոտ 500 հազար փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:
Մինչդեռ Ավստրիան հայտարարել է, որ փետրվարի 19-ից խիստ սահմանափակումներ են գործելու երկրի սահմանը հատող փախստականների համար: Իսկ հունական Լեսբոսի ափերի մոտ 900 փախստական է փրկվել, հայտնել է Եվրամիության Frontex սահմանային ծառայությունը: