23 փետրվարի 2016 - 17:19 AMT
Եգանյան. ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացելու անհրաժեշտություն կա

Փետրվարի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարար Ջոն ՄկՔալըմի հետ:

Ընդգծելով Հայաստանում Կանադայի դեսպանություն հիմնելու անհրաժեշտությունը` դեսպանը տեղեկացրել է նախարարին, որ ամեն տարի Կանադայի մի քանի հազար քաղաքացիներ այցելում են Հայաստան, և նրանք զգում են դեսպանության հյուպատոսական ու ներգաղթային ծառայությունների կարիքը:

Կողմերն նաև անդրադարձել են վերջերս Կանադա ժամանող փախստականներին վերաբերող մի շարք հարցերի: Նախարար ՄկՔալըմը նշել է, որ քաջատեղյակ է Կանադա ժամանող սիրիահայերին առնչվող խնդիրներին:

Նա հայտնել է, որ Կանադայի կառավարությունը իրականացնում է բազմաթիվ օգնության ծրագրեր, որոնք, մասնավորապես, ուղղված են փախստականների սոցիալական կեցության բարելավմանը: Դեսպան Եգանյանը իր երախտագիտությունն է հայտնել Կանադայի կառավարության աջակցության համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրի միջև առկա վիզային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Դեսպան Եգանյանն ամփոփել է 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Քննարկվել են նաև 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները:

Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին: 1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում: 2011թ.-ից Կանադայում ՀՀ դեսպանն է Արմեն Եգանյանը: ՀՀ-ում Կանադայի դեսպանն է Ջոն Սլոանը (նստավայրը` ք. Մոսկվա), ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնել է 2010թ. նոյեմբերի 2-ին: