Թուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 17-ին տեղի ունեցած հզոր պայթյունն իրականացրած անձը Թուրքիայի քաղաքացի Աբդուլբակի Սոմերն էր: Այդ մասին հայտնել է NTV-ն` Անկարայի գլխավոր դատախազությունում սեփական աղբյուրների վրա հղումով:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ փետրվարի 17-ին զինվորականների մոտ ականապատ ավտոմեքենան պայթեցրած մահապարտ ահաբեկիչը Սիրիայից Սալիհ Նեջարն էր: Այն ժամանակ քննությունը եկավ այդ եզրակացության` հայտնաբերելով ողբերգության վայրում համապատասխան մատնահետքերը: Այդ մատնահետքերը եղել են սիրիացի փախստականների մատնահետքերի տվյալների շտեմարանում և պատկանում էին Սալիհ Նաջիր անվան տակ գրանցված մի մարդու:
Սակայն ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնեց քրդական «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը, որը հայտարարեց, որ հարձակումը վրեժ էր քրդերի հանդեպ Թուրքիայի հարավ-արևելքում վարվող քաղաքականության համար: Կազմակերպությունն իր կայքում տեղադրել էր ահաբեկչի լուսանկարը:
Ավելի ուշ քննությանը հաջողվեց հայտնաբերել այդ մարդու հորը և հաստատել նրանց արյունակցական կապը ԴՆԹ միջոցով: Հեռուստաալիքը հայտնել է, որ «Սոմերը 2005-ին, երբ 16 տարեկան էր, դարձել է ահաբեկչական կազմակերպության անդամ և մինչև 2014-ը գտնվում էր Իրաքի հյուսիսում` Ղանդիլ գավառում», որտեղ գտնվում են ՔԱԿ ռազմակայանները: Անկարան կարծում է, որ ՔԱԿ-ն ու «Քրդստանի ազատության բազեները» կապված են ահաբեկչական կազմակերպությունների հետ: Հետագայում Սոմերը պաշտոնապես գրանցվել է փախստականների գործերի վարչությունում Սալիհ Նաջեր անունով, որպես, իբր, փախստական Սիրիայից:
Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են միջադեպի վայրում:
Հետաքննության շրջանակում իշխանությունները 22 կասկածյալ են ձերբակալել, նրանցից 14-ը կալանավորվել է: