24 փետրվարի 2016 - 15:52 AMT
Պիլոտային ծրագրեր՝ ՀՀ-ում պրոբացիայի ներդրման շրջանակում

ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման կապակցությամբ պիլոտային ծրագրեր են իրականացվում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքում և Լոռու բաժանմունքի Վանաձոր քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿ բաժնում հաշվառված դատապարտյալներին աշխատանքով ապահովելու համար պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալության Շենգավիթ համայնքի և Վանաձոր քաղաքի զբաղվածության տարածքային կենտրոնների հետ:

ԱՊԿԲ-ն անչափահաս դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում նրանց մասնակցությամբ` համագործակցելով Հայ առաքելական եկեղեցու, տարբեր նախարարությունների և կառույցների հետ:

Մասնավորապես, շրջայցեր ու ճանաչողական այցելություններ են կատարվել Մայր աթոռ Սբ. Էջմիածին, Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, «Լոռի–Փամբակ» երկրագիտական թանգարան, ինչպես նաև «ՍԻԱՍ» Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիա:

Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման կապակցությամբ ԱՊԿ բաժնի աշխատակիցները մասնակցել են սեմինարների, քննարկումների և վերապատրաստումների` համագործակցելով Վրաստանի պրոբացիայի ազգային գործակալության, Միացյալ Թագավորության պատիժների կատարման ծառայության, Եվրոպայի խորհրդի, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:

Եպրովայի խորհրդի Երևանյան գրասենյակի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը 2015-ի հոկտեմբերին հայտնել է, որ ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության շրջանակում կիրառվելու է կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ հսկողության այլընտրանքային միջոցներից էլեկտրոնային մոնիտորինգը, որը ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների միջոցով անձի տեղաշարժի հսկողությունն է:

«Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ: