24 փետրվարի 2016 - 16:02 AMT
Ադրբեջանը ՌԴ-ին բողոքի նոտա է հղել ՝ ՀՀ-ին զենք վաճառելու համաձայնագրի պատճառով

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին $200 մլն-ի չափով ռազմական տեխնիկա և սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ»,- նշել է նա, Vesti.Az-ին հղումով գրում է Artsakhpress.am-ը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանը արտահանող երկրից երաշխիքներ է սպասում այն մասին, որ վաճառված զենքը և տեխնիկան չեն տեղակայվի Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։

Փետրվարի 18-ին ռուսական կողմը հրապարակել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքած համաձայնագիրը՝ $ 200 մլն վարկի տրամադրման մասին: Ըստ համաձայնագրի հավելվածի, Հայաստանը կգնի «Սմերչ» համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, «Կոնկուրս»-մ հակատանկային հրթիռային համակարգի 9Մ113Մ հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ինժեներային ու կապի սարքավորումներ:

Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան