25 փետրվարի 2016 - 15:22 AMT
ՌԴ Էներգետիկ անվտանգության հիմնադրամում չեն բացառում, որ գազի գինը ՀՀ համար կարող է նվազել

Ռուսական գազի սակագինը Հայաստանի համար կարող է նվազել 15-20 տոկոսով: Այդ մասին ասել է ՌԴ Էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:

«Սա իմ կանխատեսումն է, թեև կարծում եմ, որ գազը Հայաստանի համար առանց այդ էլ էժան է: Այնուամենայնիվ, աշխարհում գազի գների անկման ֆոնին տարբերությունը, որով ՌԴ-ն գազ է վաճառում Հայաստանին և այլ երկրներին, նվազել է»,-ասել է Սիմոնովը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն, իր հերթին, նշել է, որ Հայաստանը շահագրգռված է, որ ռուսական գազի գնի նվազման շուրջ բանակցությունները որքան հնարավոր է շուտ ավարտվեն:

«Երբ տարբերությունը մեծ էր, մենք ավելի լավ դիրքերում էինք գտնվում: Գազի գնի նվազումը կարող է մեծ խթան հանդիսանալ ՀՀ տնտեսության համար, այդ թվում ծանր արդյունաբերության, առանց որի հնարավոր չէ ՀՆԱ զգալի աճ»,-ասել է Գալստյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հայտնել էր, որ նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով, ինչը պայմանավորվել է առաջին հերթին ներքին սպառման անկմամբ։ Անդրադառնալով հարցին, թե կառավարությունը դիմե՞լ է Ռուսաստանին գազի սակագինը վերանայելու հարցում, Զախարյանն ասել էր. «Կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ գազի գնի վերանայման հետ կապված, այսօր բանակցությունների փուլում է, իսկ մնացած բոլոր խոսակցությունները հիմնավոր չեն»: Նախարարը հավելել էր, որ դեռևս վերջնական որևէ որոշում չկա:

Ավելի վաղ կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ վարչապետին առաջարկել էին դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը: 10 հազար խորանադր մետրից ավելի գազ սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով: