1988 թվականի փետրվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ ջարդերն ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ:
ԽՍՀՄ ղեկավարության լռելյայն համաձայնության պայմաններում եռօրյա ջարդերի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին, սպանվեցին, ընդ որում՝ նրանց մեծ մասը դաժանորեն սպանվեց, իսկ դիակները այրվեցին: Փետրվարի 29-ին Սումգայիթ վերջապես մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, հայ բնակչությանը պաշտպանելու համար ոչինչ չձեռնարկեց: Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը:
Սումգայիթում ցեղասպանության փաստի ժխտումն ու համաշխարհային հանրության ապատեղեկացումն Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակեցին հակահայկական քարոզչությունը, որն արդյունքում 1990-ի հունվարին հանգեցրեց Բաքվի հայ բնակչության կոտորածին. դրան զոհ գնացին հազարավոր խաղաղ բնակիչներ: Հայ բնակչության զանգվածային ջարդերի արդյունքում Ադրբեջանի հայ համայնքը դադարեց գոյություն ունենալ և համալրեց Սփյուռքի շարքերը, ինչպես դա եղավ գրեթե 100 տարի առաջ:
Պետական մակարդակով Սումգայիթի մասին առաջին հրապարակային խոսակցությունը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988-ի հուլիսի 18-ի նիստում էր: «Սումգայիթյան ցեղասպանություն» արտահայտությունը, որ հնչեցրեց հայկական պատվիրակության անդամներից մեկը, հարուցեց Միխայիլ Գոռբաչովի խիստ բացասական արձագանքը: Հուլիսի 18-ի նիստում Գոռբաչովը հայտարարեց, թե Սումգայիթի ողբերգությունը չէր լինի, եթե զորքերը 3 ժամով չուշանային:
ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ ցեղասպանությունը կազմակերպված հանցագործություն է, իսկ Սումգայիթում գործել են միայն «հանրության տականքները»:
Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից մեկի նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվել։
Սումգայիթում սպանված հայերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով սպանվածների թիվը հասնում է հազարի։
Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր:
Սումգայիթից փրկված հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը: