29 փետրվարի 2016 - 11:31 AMT
Չեխիայի նախագահ. Էրդողանն ամեն անգամ միլիարդներ է պահանջելու փախստականների հարցում օժանդակելու համար

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է Եվրամիությունից որքան հնարավոր է շատ միջոցներ կորզել միգրացիոն ճգնաժամը կարգավորելու խոստումների դիմաց: Այդ մասին Զեմանը հայտարարել է հարցազրույցում, որը հրապարակել է Պրահայի ցանցային «Պառլամենտնի լիստի»-ն:

«Էրդողանը, որին 3 մլրդ եվրո են առաջարկում, կպահանջի ոչ թե 6 մլրդ եվրո, այլ 9 մլրդ: Եվրամիության յուրաքանչյուր հաջորդ գագաթնաժողովի հետ այդ գումարը կավելանա»,-ասել է Չեխիայի նախագահը:

Եվրամիությունը 3 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային, որպեսզի նա կասեցնի փախստականների հոսքը դեպի Եվրոպա և կացարանով ապահովի նրանց:

Նա կանխատեսում է, որ մարտին կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է քննարկել ապօրինի ներգաղթի զսպման հարցում Անկարայի պարտավորությունների կատարումը, շատ լարված մթնոլորտում է անցնելու: «Մարտի սկզբին վերջապես Ստամբուլում կքննարկվի միգրացիոն ճգնաժամը: Քննարկումը, հավանաբար, շատ սուր կլինի»,-ասել է Չեխիայի նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրամիությունը և Թուրքիան մարտի սկզբին հատուկ գագաթնաժողով կհրավիրեն` նվիրված փախստականների խնդրին: Թուրքիան շարունակում է ճնշում գործադրել Եվրոպայի իշխանությունների հանդեպ դեռ առաջին դրամաքանակը ստանալուց առաջ` հիմնավորելով դա այն հանգամանքով, որ «արդեն իսկ շատ ավելի մեծ բեռ է կրում, քան ցանկացած այլ երկիր տարածաշրջանում»:

Ավելի վաղ Էրդողանը սիրիացի փախստականների համար սահմանը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից Թուրքիային հասցեագրված կոչերին, «ամոթանք էր տվել» ԵՄ-ին: «ՄԱԿ-ը որքա՞ն փող է տվել է Թուրքիային աջակցելու համար, որը փախստականներին ընդունելու համար 10 մլրդ դոլար է ծախսել: Ընդամենը 455 մլն դոլար: Ամոթ է»,-հայտարարել էր Էրդողանն Անկարայում` երիտասարդ գործարարների առջև ելույթում: