Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս քրդական կուսակցության մասին ասել էր, թե «այն ժամանակվա հայկական «հրոսակախմբերի» նման գործակցում է ռուսների հետ»:
Դեմիրթաշը Թուրքիայի Բաթման քաղաքում կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է. «Փաստորեն երբ ասում են, թե մենք ռուսների հետ գործակցած հայերի նման ենք, դրանով ուզում են ասել. «Այն, ինչ 1915-ին արեցինք հայերի հետ, կանենք նաև ձեզ հետ»: Դա կոտորածի ու մահվան քաղաքականությունը մատնանշելուց բացի` ոչինչ չի նշանակում: Գալիս է Բինգյոլ ու կոտորածներով սպառնում: Բայց մենք վստահ ենք մեր միասնականության վրա:
Պատկերացնու՞մ ես Դավութօղլու, մենք պատմությունից դասեր չենք քաղել: Քո պատմած ստերից կազմված պատմությունը մենք իրական անցյալից ենք ձևավորել», թուրքական T24-ին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բինգյոլում ՀԿ-ների անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ակնարկելով քրդամետ կուսակցության անդամներին, ասել էր. «Սրանք այսօր գնում են Մոսկվա և Թուրքիայի դեմ գործակցության մեջ մտնում, ինչպես այն ժամանակվա հայկական հրոսակախմբերն էին գործակցում ռուս զավթիչների հետ: Պնդում են, թե ցանկանում են Թուրքիային ինտեգրվել, սակայն մտքներում Թուրքիայում ապրող մարդկանց միմյանց դեմ հանելն է»: