29 փետրվարի 2016 - 17:02 AMT
Բացօթյա առևտրով զբաղվողներին կուղղորդեն դրա համար նախատեսված տարածքներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ:

Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում ակտիվացնել քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքները՝ նրանց ուղղորդելով առևտրի համար նախատեսված տարածքներ:

«Բացօթյա առևտրով զբաղվող և դրանով օրվա հացի խնդիրը լուծող մեր համաքաղաքացիների հետ պետք է տանել բացատրական աշխատանքներ: Պետք է փորձենք նրանց չնեղացնելով ցույց տալ ճիշտ ուղղությունները, թե որտեղ կարող են իրականացնել իրենց առևտուրը: Մեր վարչական շրջաններում ունենք փակ շուկաներ, կրպակներ: Միանշանակ է, որ Երևանում պետք է բացառենք բացօթյա առևտուրը, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքները պետք է կազմակերպենք կոպիտ եղանակով:»,- ընդգծել է Մարգարյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենը պետք է արվի քաղաքացիներին բացատրելով, օգնելով և ուղղորդելով դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները դեռևս 2014թ. առաջին կիսամյակում կազմակերպել են ամեօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման աշխատանքներ են իրականացվել Երևանի վարչական բոլոր շրջաններում: Ըստ այդմ, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։