1 մարտի 2016 - 16:51 AMT
ՀԱՊԿ ԽՎ երևանյան նիստի գլխավոր թեմաներից մեկը կլինի ահաբեկչության դեմ պայքարը

Մարտի 11-ին և 12-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստը, որին կմասնակցի նաև ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուս խորհրդարանականները մտադիր են գործընկերների հետ քննարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ու հակազդեցությունը ծայրահեղական սպառնալիքներին: Այդ մասին գործակալությանն է հայտնել ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անատոլի Վիբոռնին:

«Նախորդ տարվա ավարտին սրվեցին ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքները, դրանք առավել ակտուալ են դարձել, ուստի քննարկվող հարցերից առաջինը կլինի այն միջոցների քննարկումը, որոնք ձեռնարկում է կազմակերպությունը կասեցնելու համար դրանք»,-ասել է պատգամավորը:

Վիբոռնին հավելել է, որ անդրադարձ կլինի նաև ընթացիկ տարում ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին: «Համապաստախանաբար, շեշտը կդրի ՀԱՊԿ հավաքական ուժերի միջոցների և կառավարման համակարգերի կատարելագործման վրա, առաջին հերթին արագ արձագանքման ուժերի և միասնական տարածաշրջանային ստորբաժանումների մասով: Հատուկ ուշադրություն կդարձվի որոշումների օպերատիվ կայացմանը, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների անցկացմանը»,-ասել է խորհրդարանականը` հիշեցնելով, որ առաջիկայում Հայաստանում կանցկացվեն «Կոբալտ-2016» օպերատիվ-տակտիկական զորավարժություններ:

Խորհրդարանականները կքննարկեն նաև տեղեկատվական, ինչպես նաև պարենային անվտանգության հարցեր: «Հատուկ ուշադրություն կդարձվի ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորվում են արտերկրից, հատուկ ուշադրություն կդարձվի ստորաբաժանումների պատրաստականությանը` կասեցնել մեր տարածք ապօրինի զինված կազմավորումների ներթափանցման, դիվերսիոն ահաբեկչական գրոհների փորձերը, թմրանյութերի շրջանառությունը և այլն»,-հավելել է գործակալության զրուցակիցը: