Ավարտվում է Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետը: Բոլոր նահանգներում մարտի 1-ին հանձնաժողովները եզրափակել են առաջադրումների գործընթացը, հայտնում է Արցախպրեսը Perio News-ի ֆեյսբուքյան էջի վրա հղումով:
Սիրիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 1-ի դրությամբ նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու, որոնց թվում նաև հայեր կան:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին: Պատգամավորական 250 տեղի համար ընտրություններ կանցկացվեն 15 ընտրատեղամասերում: Պատգամավորն ընտրվում են ուղիղ, գաղտնի քվեարկությամբ 4 տարի ժամկետով:
Առաջիկա ընտրությունները կլինեն 2-րդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց հետո:
Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսին, այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 51 տոկոս: Քվեարկությունն անցկացվել է նոր Սահմանադրությանը համապատասխան, որն ընդունվել է նույն տարվա փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի արդյունում:
Մինչդեռ արտերկրում գործող սիրիական ընդդիմութան բանակցությունների հարցով բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Նաասան Աղան հայտարարել է, թե անհնար է համընդհանուր ընտրություն անցկացնել երկրում, որտեղ քաղաքական պատերազմ է ընթանում:
Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: