2 մարտի 2016 - 15:18 AMT
Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը` Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

«Հոֆենհայմի» դեմ խաղում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ դորտմունդցիները տարել էին կամային հաղթանակ 3:1 հաշվով, գրում է Armsport.am-ը:

Մխիթարյանի օգտին է քվեարկել երկրպագուների 47%-ը: Երկրորդ տեղում գտնվող «Հերտայի» հարձակվող Վեդադ Իբիշևիչը ստացել է քվեարկողների ձայնների 40%-ը:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է նաև Բունդեսլիգայի 15-րդ և 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը նաև ճանաչվել է 2015-2016թթ. մրցաշրջանում Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ: Նա իր հետևում է թողել Արսենալի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլին և Բարսելոնայի հարձակվող Նեյմարին: Հունվարի 25-ի դրությամբ Մխիթարյանն արդեն ճանաչվել էր Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ: Իսկ փետրվարի 15-ին հայտնի է դարձել, որ Transfermarkt.de-ն բարձարացրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ավելացրել է 6 մլն եվրոյով` հասցնելով այն 28 մլն եվրոյի: Սա ռեկորդային ցուցանիշ է 27-ամյա ֆուտբոլիստի կարիերայում:

Կարդացեք նաև՝ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում