
ՀՀ կառավարությունը մարտի 3-ի նիստում հաստատել է Հովսեփ Սիմոնյանին Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով նորանշանակ մարզպետին, ասել է, որ Սիմոնյանը մարզպետարանում ունի երկարատև աշխատանքային փորձ, գրում է Panorama.am-ը:
«Նա տեղյակ է մարզի ընդհանուր տնտեսական, սոցիալական գործընթացներին և մեր օժանդակությամբ կկարողանա ակտիվ գործել: Մենք կտեսնենք առաջընթաց այս մարզում»,- նշել է Լոքյանը:
Շիրակի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է նաև Գաբրիել Գյոզալյանին ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակելու որոշումը:
Լոքյանը նշել է, որ Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է:
Արագածոտնի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Սարգիս Սահակյանը:
Նշանակումները պայմանավորված են ՀՀԿ-ՀՅԴ գործակցությամբ:
Նախագահական նստավայրում փետրվարի 24-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները քաղաքական գործակցության մասին համաձայնգիր են ստորագրել: ՀՀԿ կողմից այն ստորագրել է կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ կողմից՝ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Վերջինս հայտնել է նաև, թե ովքեր են զբաղեցնելու ՀՅԴ-ին հատկացվելիք պաշտոնները: էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի` Լևոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը՝ Արագածոտնի մարզպետ:
Կարդացեք նաև՝ ՀՅԴ-ական նախարարների անունները հայտնի են