Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել 1400 ՄՎտ ջերմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ և բանակցել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքով էլցանց անցկացնելու շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի առաջիկայում: Մոտ ապագայում կսկսվի նաև նախագծի իրականացումը: Ինչպես հայտնել է աղբյուրն Իրանի էներգետիկայի նախարարությունում, վերջնական համաձայնությունը ՋԷԿ կառուցման մասին «կստորագրվի ընթացիկ շաբաթում»:
Թեհրանում Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչանի հետ հանդիպման ավարտին Նովակը նշել է, որ ՌԴ և Իրանի միջև գործակցությունը կարող է ընդլայնվել մի քանի ոլորտներում, այդ թվում նավթային, գազային, էներգետիկ և գյուղատնտեսության:
Նախարարը հավելել է նաև, որ այլժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Իրանից դեպի ՌԴ էլցանց անցկացնելու շուրջ:
Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 23-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվել է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ գործակցության զարգացման հեռանկարներին:Նախատեսվում է մինչև 2018 թ. Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ կառուցել, ինչպես նաև այլ համատեղ ծրագրեր իրականացնել: Առաջին փուլում էլէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը կլինի 350 ՄՎտ, իսկ մինչև 2021թ.` կհասնի 700 ՄՎտ: Բացի այդ, մինչր 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդիչ գիծը, ինչը թույլ կտա Իրանի հետ էլէլներգիայի փոխադարձ հոսքերը հասցնել 1200 ՄՎտ:
Բացի այդ, հայտնի է դարձել նաև ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հանդիպման ևս մեկ հետաքրքիր մանրամասն: Ինչպես պարզվել է, իրանական կողմը այժմ պնդում է, որ համատեղ նախագծերի, այն է Բանդեր Աբասում ՋԷԿ-ի կառուցման և Գարմսար-Ինչե-Բորուն հատվածում երկաթուղու էլեկտրաֆիկացման գները վերանյավեն նոր իրողություններին համապատասխան` համաշխարհային գներով: Այդ մասին հայտարարել է Իրանի տեղեկատվության և հեռահաղորդակցությունների նախարար Մահմուդ Վաեզին:
Ի պատասխան Նովակը բավականին կոշտ պատասխանել է, որ նախագծերը պետք է ավարտին հասցնել, ոչ թե «նոր պայմաններ առաջ քաշել, քանի որ դա արգելակում է դրանց իրագործումը: Իսկ գնագոյացությունը համապատասխանում է համաշխարհային մակարդակին»:
Համատեղ նախագծերի համար Ռուսաստանը պատրաստ էր հատկացնել $2,2 մլրդ արտոնյալ վարկ: Բանդեր Աբասի ՋԷԿ-ի կառուցմամբ, որի համար պահանջվում է $3 մլրդ, զբաղվում է «Ռոստեխ» պետկորպորացիայի դուստր ձեռնարկությունը` «Տեխնոպրոմէքսպորտը»: Երկրորդ նախագիծը, երկաթուղու հատվածի էլեկտրաֆիկացումը, պետք է իրականացվի ՌԵՈւ հետ համատեղ: