31 հունվարի 2007 - 14:59 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձեւի նախագիծը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), բանաձեւը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Բրեդ Շերմանը եւ Թադեուշ ՄաքՔոթերը: Բանաձեւն արդեն ստացել է մի շարք կոնգրեսականների աջակցությունը: Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ երկրի արտաքին քաղաքականությունը պատշաճ կերպով պետք է արտացոլի Հայոց ցեղասպանության հասկացությունը, եւ ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում «ցեղասպանություն» անվանել 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները:
Բանաձեւն իր ոգով մոտ է 2000 թվականին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված 368 եւ 596 բանաձեւերին: Վերջին պահին նախագահ Բիլլ Քլինթոնի միջամտությունը խանգարեց բանաձեւի վերջնական հաստատմանը Պալատում: