31 հունվարի 2007 - 17:09 AMT
Հայաստանն ի վիճակի է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը
Հայկական կողմը տրամաբանական է համարում ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի առաջարկները: Այդ մասին Նիդերլանդներում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունների սեղանին են համանախագահների առաջարկները, որոնք Հայաստանն ընդունելի է համարում: «Եթե խնդրի կարգավորումը համապատասխանի այդ փաստաթղթի բովանդակությանը, մենք կստանանք այն լուծումը, որի չի հակասի մեր ազգային շահերին»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է նաեւ, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի են ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, նրա անխախտ կապը Հայաստանի հետ եւ անվտանգությունը: «Այս երեք դրույթներն ամրագրված են փաստաթղթում»,-ասել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: