Սիրիական զորքերն ազատագրել են Պալմիրայի արևմտյան մասը: Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել աղբյուրը Դամասկոսում:
«Այժմ զինվորականները վերահսկում են Պալմիրայի արևմտյան մասը: Բանակը փորձում է գրոհներ ձեռնարկել նաև քաղաքի մյուս հատվածներում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
«Սիրիական բանակն արդեն 850 մ հեռավորության վրա է պատմական Պալմիրայից: Ակնկալվում է, որ այն կազատագրվի արդեն առավոտյան»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն:
Պալմիրայի ազատագրման գործողությունը շարունակվում է արդեն մի քանի օր: Այդ քաղաքը պատմական նշանակությունից բացի, նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունի` միացնելով Դամասկոսը Սիրիայի արևելյան մասի հետ:
Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:
Մարտի 12-ին Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում պահվող Պալմիրայի արտեֆակտերի հավաքածուն կարող է օգտագործվել սիրիական հնագույն քաղաքի վերականգման համար, որի ազատագրումը սպասվում է մոտ օրերս:
Ընթերցեք նաև. Սիրիայի բանակը մոտեցել է Պալմիրային. Ազատագրելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել