2 փետրվարի 2007 - 15:58 AMT
Հրանտ Դինքի մարդասպանին փորձում են որպես հերո՞ս ներկայացնել
Թուրքական առաջատար հեռուստաալիքներից մեկն այսօր տեսագրություն է ցուցադրել, որտեղ հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած 17-ամյա Օգյուն Սամասթը թուրքական դրոշ է պարզել, իսկ նրա կողքին կանգնած են ոստիկաններ: Սամասթի հետեւում նույնպես թուրքական դրոշով պաստառ է, որի վրա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերն են` «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»: Թուրքական ԶԼՄ-ները վրդովմունք են հայտնում եւ գրում են, որ մարդասպանին հերոսացրել են: Թուրքիայի Ոստիկանության խոսնակ Իսմայիլ Չալիսկանը հայտնել է, որ լուսանկարներում պատկերված ոստիկանները հարցաքննվում են: Նրա խոսքերով, ով էլ մեղավոր լինի, համապատասխան պատիժ կկրի: Թուրքական «Ռադիկալ» թերթի գլխավոր խմբագիր Իսմեթ Բերկանը հայտարարել է, որ «այդ նկարահանումները նույնիսկ ավելի վատ իրողություն է, քան ինքը` մարդասպանությունը, դրանք ցույց են տալիս, որ ազգայնամոլությունը Թուրքիայում նորից թափ է առնում», հաղորդում է Reuters-ը: