Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:
Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ԼՂՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանն առ այն, թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ավելի քան 20-ամյա պատմությունը, ադրբեջանական կողմն է պետական կարևորություն ունեցող տոների, կարևոր հանդիպումների նախօրեին գնում շփման գծում իրավիճակի սրման: Ավելին, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար»: