5 փետրվարի 2007 - 13:53 AMT
Հայաստանի գործող օրենսդրությունը խոչընդոտում է ԶՈՒ բարեփոխումներին
Հայաստանում ռազմական բարեփոխումներին առավել լիարժեք աջակցության նպատակով ներկայումս աշխատում է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Այդ մասին «Ռազմական բարեփոխումները Հայաստանում. քաղաքացիական անձնակազմով պաշտպանության նախարարության ապահովում եւ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարում» թեմայով սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր Ջորջ Մարշալի Անվտանգության հետազոտությունների կենտրոնը, հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զարգանում է ինչպես Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP), այնպես էլ բարեփոխումների ծրագրման եւ համակարգման շրջանակներում: «Մեր բարեփոխումներն երեք փուլով կընդանան` Հայաստանի ռազմական անվտանգության ռազմավարության վերանայում, որը կավարտվի մինչեւ 2008, բարեփոխումներ զինված ուժերում 2008-ից մինչեւ 2010 թթ. եւ Հայաստանի զինված ուժերի կայուն զարգացման ապահովում, ելնելով միջազգային չափանիշներից եւ պարտավորություններից, որոնք Հայաստանը ստանձնել է եվրոպական կառույցների առջեւ: Այդ փուլը կիրագործվի 2010-2015 թվականներին»,-նշել է Արթուր Աղաբեկյանը:

Միեւնույն ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարը նկատել է, որ Հայաստանի գործող օերնսդրությունը չի համապատասխանում ժամանակի ոգուն եւ խոչընդոտ է դառնում երկրի զինված ուժերի բարեփոխման ճանապարհին: «Անհրաժեշտ է վերանայել «Պաշտպանության մասին» օրենքը, փոփոխություններ կատարել զինակոչման եւ բանակային կառույցներին քաղաքացիական անձանց մասնակցության մասին գործող օրենսդրությունում: Անհրաժեշտ է մշակել նոր ռազմական ուսմունք, որը ազգային անվտանգության ռազմավարության հետ որակապես նոր աստիճանի կբարձրացնի Հայաստանում զինված ուժերի մակարդակը: 1997 թվականին ընդունված «Պաշտպանության մասին» օրենքն արդեն չի համապատասխանում ներկայիս իրողություններին, առավել եւս բարեփոխված Սահմանադրության լույսի ներքո: Անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել բանակի հանդեպ քաղաքացիական վերահսկողությունը, ներառյալ խորհրդարանը: Չկա Օրենքում նաեւ խաղաղապահ գումարտակների մասին դրույթ, որն անհրաժեշտություն է դարձել»,-ընդգծել է Աղաբեկյանը: