Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 2-ի առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ամբողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»:
Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ հակառակորդը 1994-ից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկել. այս պահի դրությամբ շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել:
Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տալուն զուգահեռ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը:
Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:
Կարդացեք նաև՝ ԼՂ ՊԲ. Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ԱԹՍ (Լուսանկար)
ՊՆ. Լևոնարխ բնակավայրի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացվել