2 ապրիլի 2016 - 19:09 AMT
ԼՂ ՊԲ-ն ադրբեջանական կորուստների ու հայկական տարածքների ավերածությունների տեսանյութ է տարածել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ:

ԼՂ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը, ԼՂ ՊԲ հաշվարկներով, տվել է 200-ից ավելի կորուստ:

Թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: Տեխնիկական կորուստները, ՊԲ հայտնած տվյալների համաձայն, կազմում են գումարային 4 տանկ, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ:

Ավելի վաղ Ադրբեջանը ընդունել էր 12 զինծառայողի զոհվելու և մեկ ուղղաթիռի խոցման փաստը:

Կարդացեք նաև. ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը մեր զոհերի մասին ակնհայտ ապատեղեկատվություն են

ՊԲ-ն հրապարակել է նաև չեզոք գոտում թողված ադրբեջանցի զինվորականների դիերի լուսանկարներ: լուսանկարներն ավելի բարձր որակով հասանելի էն գերատեսչության կայքում:

Ուշադրություն. տեսանյութի առաջին վայրկյաններում առկա են մահվան տեսարաններ, որոնք կարող են տհաճ կամ շոկային լինել դիտողի համար