ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական ոլորտում փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում: Այս մասին Գործադիրի ապրիլի 6-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Պետք է վերջնական տեսքի բերենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո կարող ենք խոսել վավերացման մասին»,- պարզաբանել է փոխնախարարը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Միաժամանակ, նա նշել է, որ ԼՂՀ ճանաչման գործընթաց նախատեսված չէ Հայաստանի կողմից, գրում է Tert.am-ը:
«Իսկ պայմանագիրն այն փաստաթուղթն է, որն ընդգծում է. Լեռնային Ղարաբաղի հետ մեր հարաբերություններն իրավահավասարության վրա են»,- ասել է Քոչարյանը:
Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով:
Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն՝ բանակցային գործընթաց անցկացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար. Թալիշն ու Նոր Սեյսուլանը ՊԲ վերահսկողության տակ են
ԱԺ պատգամավորը կոչ է անում ՌԴ և Իսրայելի իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին