Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագավորության Պուենտե Խենիլ և Ռոդա դե Անդալուսիա քաղաքները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Համապատասխան բանաձևերը երկու քաղաքներում էլ ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։
Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել իրենց օրինակին և նույնը հորդորել Թուրքիային։ Համապատասխան որոշումների ընդունմանը հաջորդող ելույթներում Պուենտե Խենիլի և Ռոդա դե Անդալուսիայի քաղաքապետերը շեշտել են այդ որոշումների կանխարգելիչ բնույթը, մարդկության դեմ հանցագործությունների անժամկետ լինելու հանգամանքը ու դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
2015-ի դեկտեմբերի 2-ին Իսպանիայի ինքնավար համայնք Արագոնի խորհրդարանը ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները, ինչպես նաև Ալդայա, Սիյա, Սան Սեբաստիան, Բետերա, Պինտո, Բուրխասոտի, Չիրիվելյա քաղաքները: