ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում: Այս մասին ասվում է տեղեկատվական եվ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության հայտարարության մեջ:
Հայտարության մեջ ասվում է, որ վերջին օրերի իրադարձություններն ամբողջ աշխարհին ցույց տվեցին ինչպես հայկական զինված ուժերի մարտական բարձր ոգին, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համախմբվածություն:
«Դիմում ենք Հայաստանի ամբողջ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համայնքին, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից կամավորության սկզբունքով ամեն ամիս իր աշխատավարձի 1% փոխանցի համապատասխան հիմնադրամին, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Իսկ հավաքագրված գումարները կօգտագործվեն Տեխնոլոգիական վերազինման, մասնավորապես՝ կիբեռանվտանգության համակարգի արդիականացման նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:
Արձանագրելով, որ այս օրերին Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներն աշխատել են բնականոն ռեժիմով՝ ՏՀՏ գործատուների միությունը հավաստիացնում է բոլոր օտարերկրյա ներդրողներին, որ որևէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում՝ իրենց բիզնես ծրագրերի իրականացման առումով: «Ազգային կոնսոլիդացման ընդհանուր ֆոնի վրա կոչ ենք անում ամբողջ գործարար հանրությանը շարունակել աշխատել ավելի մեծ եռանդով և նվիրումով»,-ասվում է հայտարարության մեջ: