Հալեպի խաղաղ բնակիչների շրջանում թունավորումներ են եղել: Այդ տեղեկությունը հաստատել է սիրիացի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: Թունավորումներ են եղել նաև քրդերի ինքնապաշտպանական խմբերի անդամների թվում: թունավորման փաստերը հաստատել է նաև Կարմիր մահիկի բժիշկներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քրդերը հայտնել են, որ գրոհայինների արկակոծումից հետո տարօրինակ հոտով դեղին գույնի ծուխ է բարձրացել: Կարմիր մահիկի բժիշկներից մեկը հայտնել է, որ տուժածները բողոքում են ցնցումներից, փսխումից` բոլոր ախտանիշները վկայում են քլորի միացություններով թունավորման մասին:
Գազային գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը: «Այդ բախումների ժամանակ զինյալ խմբավորման բրիգադային առաջնորդներից մեկը Հալեպում կիրառել է նման դիմակայություններում արգելված զենք»,-ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել են «Ջեյշ ալ Իսլամի» ներկայացուցիչները, արգելաված զենք կիրառած բրիգադային հրամանատարին կանչել են զինվորական դատարան, որտեղ որոշվել է նրան պատժել, քանի որ նման զենքի կիրառումը հակասում է խմբավորման կանոնադրությանը:
Քիմիական զենքի կիրառումը զինված հակամարտություններում արգելված է մի քանի միջազգային կոնվենցիաներով, մասնավորապես 1997թ. կոնվենցիայով, որին միացել է 190 պետություն: Սիրիան ստորագրել է փաստաթուղթը 2013-ին:
Ընթերցեք նաև. Սիրիական բանակը սկսել է ազատագրել Էլ Քարյաթեն քաղաքը ԻՊ գրոհայիններից