Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել եբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքով, հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար:
Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է ներդրել կրակի դադարեցման ուղղությամբ։ Նա անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը, կարևորել ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը և նման իրավիճակների կրկնության բացառումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման համար համապատասխան պայմանների ստեղծումը։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։ Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:
Կարդացեք նաև. Օհանյան. ՀՀ-ն պատրաստ է սանձահարել հակառակորդին, բայց դեռ բանակցություններին է ապավինում