13 փետրվարի 2007 - 13:22 AMT
Բաքուն հայտարարում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «մեկ քայլ հետ է» անվանել հունվարի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Մոսկվայում կայացած հանդիպումը: Նա հայտարարել է, որ «Հայաստանի արտգործնախարարի չափազանց կարծր դիրքորոշման պատճառով, չի կարող կանխատեսել գործընթացի հետագա զարգացումը»: «Վարդան Օսկանյանը առաջ է քաշել մի քանի դիրքորոշումներ, որոնք մեզ հետ են վերադարձնում: Մենք կտրականապես մերժել ենք այդ առաջարկները: Այդ դիրքորոշումների թվում են նաեւ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Լաչինով անցնող ճանապարհի օգտագործումը: Ես ուզում եմ տեղեկացնել հայկական կողմին, որ եթե բանակցությունները չշարունակվեն վերջին երկու տարիների ընթացքում քննարկվող սկզբունքների հիման վրա, հավանաբար, բանակցությունների շարունակումը կկորցնի իր իմաստը եւ ճիշտ չի լինի ինչ-որ արդյունքի սպասել»,-նկատել է նա:

ԱՀ նախագահի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գծով լիազոր ներկայացուցիչը եւս նշել է, որ ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկում են անցկացնել արտգործնախարարների հերթական հանդիպումը: Ազիմովը հայտարարել է, որ, սկզբունքորեն, կարելի է ընդունել համանախագահների հրավերը եւ անցկացնել հերթական հանդիպումը: «Սակայն եթե ենթադրվում է մոսկովյանի նման մի հանդիպում, ապա, մեր կարծիքով, նման հանդիպման անցկացումն անիմաստ է»,-հավելել է նա, հաղորդում է Bakiliar.AZ-ը: