Իսրայելի «Մերեց» կուսակցության ղեկավար Զեխավա Գալոնը բողոք է հայտնել Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի կապակցությամբ:
Ինչպես հայտնել է i24 պորտալը, պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին հասցեագրված բողոքի նամակում Գալոնը մասնավորապես նշել է, որ ըստ իր տվյալների, առաջիկա օրերին նախատեսվում է դրոնների նոր խմբաքանակի առաքում Ադրբեջան: Նա կոչ է արել նախարարին կասեցնել դրոնների առաքումն Ադրբեջան, քանի դեռ Իսրայելը հավաստիացումներ չի ստացել, որ դրանք չեն օգտագործվի հայկական կողմի դեմ:
«Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են Իսրայելի համար: Իսրայելական զենքի կիրառումը Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում անընդունելի է»,-ասել է Գալոնը նամակում:
Ըստ Գալոնի, Ադրբեջանի և Իսրայելի գործարքների ծավալը սպառազինության ոլորտում կազմում է $5 մլրդ:
Հայաստանն իր բողոքն է արտահայտել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ: Ինչպես հայտնում է Haaretz պարբերականը, բողոքը, մասնավորապես, վերաբերվում է Ադրբեջանին կամիկաձե-անօդաչուների վաճառքին: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականներին տեղափոխող ավտոբուսը, 7 մարդ զոհվեց:
2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր էին կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:
Ընթերցեք նաև. Տոնոյան. Իսրայելը նաև ՀՀ-ին է առաջարկել այն զենքը, որը վաճառել է Ադրբեջանին