Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները` Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետևանքով:
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով ներկայացրել է Ժնևում տեղակայված Փախստականների գործով գերագույն հանձնակատարի վարչության տվյալները (ՓԳՀՎ):
«ՓԳՀՎ-ն հայտնում է, որ վերջին մարտական գործողությունների հետևանքով մի քանի հարյուր մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ, ստիպված են եղել լքել իրենց տները», - ասել է Դյուժարիկը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան:
Ընդ որում, ՓԳՀՎ-ն նշում է բնակչությանը հասնելու լուրջ սահմանափակումների առկայության մասին, ինչն անհնար է դարձնում տեղափոխվողների ստույգ քանակի գնահատումը:
Որոշ փախստականներ հայտնել են, որ վերջին քսան տարվա ընթացքում մի քանի անգամ ստիպված են եղել փոխել բնակության վայրը` թաքնվելով բռնությունից:
ՓԳՀՎ-ի կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին աջակցություն է առաջարկվել նոր տեղափոխվածների մարդասիրական կարիքները հոգալու համար: Բացի այդ, ՄԱԿ-ը խնդրել է, որ Երևանը և Բաքուն հնարավոր դարձնեն նրանց օգնություն ցուցաբերելը:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: