ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան Մարկ Էյրոն ապրիլի 19-ին կքննարկեն իրավիճակի սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կքննարկվեն հետագա քայլերը, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները պետք է համաձայնեցնեն, ասվում է հաղորդագրության մեջ:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: