Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդուն հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Tert.am-ը asbarez.com-ի վրա հղումով: Վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի Սենատն ու Համայնքների պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են ընդունել, որոնք 1915 թվականի դեպքերը որակում են որպես ցեղասպանություն։
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101-րդ տարելիցը։ Մենք պահպանում ենք այն մարդկանց մասին հիշողությունը, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ընթացքում, և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, ներառյալ՝ նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը»,- ասել է Կանադայի վարչապետը։
Այս հայտարարությունը ողջունել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC)։
«Մեզ ոգևորում է այն, որ վարչապետ Ջասթին Տրյուդոն հավատարիմ է ցեղասպանությունների դատապարտման հարցում Կանադայի պարտավորություններին, ներառյալ` Հայոց ցեղասպանության»,- ասել է ANCC -ի նախագահ Ժիրայր Բասմաջյանը:
2015-ի ապրիլի 25-ին Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»: