25 ապրիլի 2016 - 12:37 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին

Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում:

Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»:

«Այսօր մենք բոլորս հայ ենք: Մեզ այստեղ համախմբել է արդարության պահանջը»,-ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` դիմելով ցուցարարներին:

Ցույցին մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, շատերը եկել էին երեխաների հետ, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն հայ ժողովրդի պատմությանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը կշարունակի համախմբվել ամեն տարի, քանի դեռ Թուրքիան և ԱՄՆ-ն չեն ճանաչել 1915 թ. Ցեղասպանությունը, որի արդյունքում 1,5 մլն մարդ է զոհվել:

Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքն ամենամեծն է Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնում է LA Times-ը, Լոս Անջելեսում ավելի քան 200 000 հայ է ապրում:

ՖՈՏՈՇԱՐՔ