Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցում հարկավոր է զսպվածություն ցուցաբերել. առաջնահերթ խնդիրն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի նոր բռնկում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այն, ինչ հիմա կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հաստատում է մեր այն թեզը, որը հրապարակել ենք նախորդ ճեպազրույցներում` այժմ, ինչպես երբեք հարկավոր է զսպվածություն ցուցաբերել և աշխատել կայունության վերականգնման ուղղությամբ»,-հայտարարել է Զախարովան:
Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն «համոզված է, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի խաղաղ կայուն կարգավորմանը հասնելուն: « Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել աշխատանքն՝ ուղղված առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցմանը»,-հավելել է նա:
«Այժմ առաջնահերթ է հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ նոր ագրեսիա, նոր արյունահեղություն, վերականգնել մթնոլորտը, որը կնպաստեր իավիճակի հանդարտեցմանը և, իհարկե, բանակցային գործընթաց սկսելուն: Դրանք սկզբունքային կարևորության հարցեր են»,-ասել է Զախարովան:
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռևս չի նախապատրաստվում: «Չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին` հաշվի առնելով, որ լարվածության բռնկում է տեղի ունեցել հակամարտության գոտում: Դա շատ է հետ գցել կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը»,-ասել է նա:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է: «Մի կողմից, մենք ինչ-որ տեղ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից՝ ռազմական գործիչները պատերազմի մեջ են ներքաշվելու՝ փորձելով լուծել հակամարտությունը», - նշել է Սարգսյանը:
Հայաստանը նաև պահանջում է հավաստիացումներ առ այն, որ իրավիճակի նման սրացումներ այլևս տեղի չեն ունենա:
Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա