29 ապրիլի 2016 - 16:39 AMT
Ցեղասպանությանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ կոնգրեսում. Դատապարտվել է ԼՂ դեմ ռազմական ուժի գործադրումը

ԱՄՆ կոնգրեսում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա միջոցառումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ կոնգրեսի 20 անդամ, ներառյալ սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Միջոցառմանը մասնակցում էին Ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարները:

ԱՄՆ կոնգրեսականները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիային և դատապարտել են Լեռնային Ղարաբաղի ու նրա քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ուժի գործադրումը` կոչ անելով անմիջապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած բնույթի ռազմական օգնությունը ԱՄՆ կողմից:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են նաև հունական, ասորական և քրդական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:

Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ:

Կարդացեք նաև՝ Ամերիկացի ցեղասպանագետ. Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցում է նաև Օբաման