22 փետրվարի 2007 - 14:54 AMT
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը պատմական իրադարձություն կդառնա
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունումը, եթե այն տեղի ունենա, պատմական իրադարձություն կդառնա: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, հիմա ամենաբարենպաստ պահն է այդ բանաձեւի ընդունման համար: «ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք միշտ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցն են եղել, եւ ամենակարեւորը, բանաձեւի ընդունման կողմնակից է նաեւ խոսնակ Նենսի Փելոսին, որից շատ բան է կախված»,-նշել է Ռուստամյանը: Նա համոզված է, որ ԱՄՆ այդ քայլին կհետեւի Հայոց ցեղասպանության ճանաչումը բազմաթիվ այլ եվրոպական երկրների կողմից: «Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար անվտանգության հարց է: Դա կնշանակի, որ Հայաստանի կողմից առաջարկված տարածաշրջանային անվտանգության բանաձեւը` 3+3+2, որտեղ 2` ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, կենսունակ է: Ի հավելումն, կարող է նաեւ տեղաշարժ գրանցվել հայ-թուրքական հարաբերություններում»,-ընդգծել է Ա.Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ 2001 թվականին ԱՄՆ Կոնգրեսում եղավ նման բանաձեւի ընդունման փորձ, սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեննիս Հասթերթը արգելափակեց նրա քննարկումը: Ներկայիս քվեարկությունը կկայանա 2007 թվականի ապրիլին: