22 փետրվարի 2007 - 15:02 AMT
Բուդապեշտում քննվում է հայ սպայի սպանության գործով ներկայացված բողոքը
Հունգարիայի Բողոքարկման դատարանում դատավոր Պիրոշկա Կարպատիի նախագահությամբ քննվում է առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 13 որոշումը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտելու մասին: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան տվյալներով, ժամը 9.00-ից (Հունգարիայի ժամանակով) ընթացող նիստին հայցվորների կողմից մասնակցում են` ադրբեջանցի փաստաբան Իքրամ Շիրինովը, Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահ Ազեր Տագիեւը, դեսպանատան աշխատակիցները եւ Հունգարիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Նշենք, որ Ռ.Սաֆարովի իրավունքները դատարանում պաշտպանում են փաստաբաններ Գեորգի Մաջարը եւ Կլարա Ֆիշերը: Պաշտպանությունը մտադիր է հասնել խափանման միջոցի փոփոխմանը եւ գործի վերանայմանը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Հայկական կողմից դատին մասնակցում են Գ.Մարգարյանի ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը եւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը գործուղվել էր Բուդապեշտ «գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին, քնած ժամանակ գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպայի կողմից: Հունգարիայի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարներին: