22 փետրվարի 2007 - 15:48 AMT
Հայաստանին անհրաժեշտ է Երկքաղաքացիության մասին օրենք
«Հայաստանը շատ բան է կորցրել Երկքաղաքացիության մասին օրենքի բացկայության պատճառով: Այն պետք է շատ ավելի վաղ ընդունվեր»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, նման հսկայական սփյուռք ունեցող երկիրը նման օրենք չունենալու իրավունք չունի: «Սփյուռքին անհրաժեշտ է ընդունել որպես ընդհանուր օրգանիզմ եւ ներգրավել հայրենիքում ընթացող գործընթացների մեջ: Առաջ դրանով զբաղվել են ավանդական հայ կուսակցությունները, հատկապես Դաշնակցությունը: Այժմ դա պետք է անի Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Ռուստամյանը:

Նա ընդգծել է, որ աշխարհի երկրներից ոչ մեկը չի արգելում Սահմանադրությամբ ամրագրված երկքաղաքացիությունը: «2-3 անգամ մեծ սփյուռք ունեցող երկիրը, ինչպես ՀՀ-ն, նման շռայլության իրավունք չունի: Օրենքի մշակման ժամանակ մենք առաջնորդվում ենք միջազգային փորձով, եւ իրավական նորմերի տեսանկյունից այն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ինչ վերաբերում է Հայաստանի որոշ գործիչների մտավախություններին, որ սփյուռքը կարող է քվեարկել եւ խախտել ուժերի հավասարակշռությունը, ապա պետք է նկատեմ, որ քվեարկել կարելի է միայն ՀՀ տարածքում»,- նշել է Արմեն Ռուստամյանը: